«Միքայելյան» համալսարանական հիվանդանոց է դիմել 24-ամյա երիտասարդ՝ գանգատվելով որովայնի ձախ կողմնային շրջանի ցավերից, սրտխառնոցից, փսխման էպիզոդներից, բերանի չորության զգացումից և կղանքի բացակայությունից։
Պացիենտի խոսքերով՝ նշված գանգատները տևել են երեք օր։ Որպես ուղեկցող հիվանդություն՝ նա նշել է ստորին վերջույթների վասկուլիտը, որի կապակցությամբ ստացել է համապատասխան բուժում։
Որովայնի և կոնքի ՀՇ հետազոտությամբ հայտնաբերվել է բարակ աղու գալարի անցում հաստ աղիք (ինվագինացիա), ինչը հանգեցրել է աղիքային անանցանելիության։
Որոշվել է իրականացնել շտապ վիրահատական միջամտություն։
Վիրահատության ընթացքում կատարվել է բարակ աղու աստիճանական դուրսբերում հաստ աղիքից (դեզինվագինացիա)։ Բարակ աղիքից հաստ աղիք անցման շրջանից 15 սմ հեռավորության վրա հայտնաբերվել է պինդ կոնսիստենցիայի գոյացություն, որը հանդիսացել է անանցանելիության հիմնական պատճառը։
Կատարվել է անանցանելիության հատվածի հեռացում, բարակ և հաստ աղիների անփոփոխ հատվածների միացում։
Վիրահատությունն իրականացրել են վիրաբույժներ Հայկ Սաֆարյանը, Հարություն Վարդանյանը, Գրիգոր Խոջայանը, անզգայացումն իրականացրել է անեսթեզիոլոգ Քրիստինա Ռուդոմյոտկինան։
Հեռացված վիրահատական նյութի իմունահիստոքիմիական հետազոտությամբ ախտորոշվել է զստաղիքի տերմինալ հատվածի Բերկիտի լիմֆոմա։
Վիրաբույժ Հայկ Սաֆարյանի խոսքով՝ դեպքի առանձնահատկությունն այն է, որ Բերկիտի լիմֆոման դարձել էր ինվագինացիայի պատճառ, որն էլ հանգեցրել էր աղիքային անանցանելիության։